Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆը, ով հայրենիքում մեղադրվում է մի շարք քրեական գործերով, 7 տարի օտարության մեջ անցկացնելուց հետո կվերադառնա Պակիստան:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Պակիստանի Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հնարավորություն է տվել հայրենիք վերադառնալու դեպքում գրավ մուծել եւ խուսափել կալանավորումից: Գրավի չափը կազմել է մոտ 3 հազար դոլար: Գեներալի խնդրանքը դատարան է ներկայացրել նրա դուստրը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մուշարաֆը որպես մեղադրյալ ներգրավված է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության (2007-ին), Բելուջիստանի նահանգում ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության (2006-ին), ինչպես նաեւ 2007-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու ժամանակ Գերագույն դատարանի դատավորներին կալանավորելու գործերով:

Հիշեցնենք, որ Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել 1999 թվականին՝ ռազմական հեղաշրջման միջոցով: 2008-ին նա ստիպված է եղել հեռանալ նախագահի պաշտոնից՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից իմպիչմենթի սպառնալիքի ներքո: