Միջազգային վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ եւ ԱՄՀ) քաղաքականության դեմ դպրոցականների զանգվածային ցույց է ընթանում Կիպրոսի խորհրդարանի շենքի մոտ:
Կիպրոսցի հազարավոր դպրոցականներ վանկարկել են՝ «Եռյակ, դուրս կորիր Կիպրոսից», «Ժողովուրդ, արթնացիր, խմում են քո արյունը», «Մա՛հ Մերկելին»: «Մեր ծնողներն արդեն այս պահին աշխատանքից հեռացվելու սպառնալիքի տակ են», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է աշակերտուհիներից մեկը: Ցույցին մասնակցում է 1500 մարդ, հայտնում է rbc-ն:
Հիշեցնենք, որ Կիպրոսի բանկային համակարգը մարտի 16-ից արգելափակված է, որպեսզի կանխարգելվի կապիտալի փախուստը՝ հակաճգնաժամային փաթեթ ձեւավորելու նպատակով երկրի կառավարության եւ միջազգային վարկատուների միջեւ կնքած պայմանագրի կապակցությամբ:
Նախագիծը խորհրդարանը մերժել էր մարտի 19-ին, որից հետո ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ Կիպրոսի կառավարության բանակցությունների արդյունքում մարտի 25-ին Բրյուսելում նոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ Կիպրոսի ժողովրդական բանկի վերացման եւ դրա «լավ» ակտիվները Կիպրոսի բանկին փոխանցելու վերաբերյալ, որի վերակապիտալիզացիան կիրականացվի 100 հազար եվրոն գերազանցող խոշոր ավանդատուների միջոցների ներգրավմամբ:




























