Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում, մարտի 25-ին, տեղի է ունեցել «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկումը նախագահել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին։
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նաեւ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, համայնքների եւ լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ուսանողներ։




























