ԱՄՆ Քոնեքիքութ նահանգի Բրանֆորդ քաղաքում, 85 տարեկան հասակում մահացել է երկրաբանությա ասպարեզի հսկաներից մեկը` Կարլ Թուրեքյանը, ով աշխատել է Յեյլի համալսարանում: մահվանմասին հայտնում է «Yale Daily News»-ը:
Հարցված երկրաբաններն ու երկրաքիմիկոսներն արձանագրել են Թուրեքյանի վաստակը ժամանակակից երկրաքիմիայի ստեղծման գործում, որին բավարար ուշադրություն չէր դարձվում, նախքան Թուրեքյանը 1956թ. սկսեց հետազոտություններ իրականացնել օվկիանոսագրության ասպարեզում:
Համալսարանում 57-ամյա կարիերայի ընթացքում նա ահռելի քանակությամբ մրցանակներ է ստացել, այդ թվում Լուսնից «Ապոլլոն» ծրագրով բերված նմուշների ուսումնասիրման համար:
«Աշխարհը կորցրեց մեծագույն երկրաբաններից մեկին»,- ասել է Յեյլի համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ղեկավար Ջեյ Էյգյուն:
Հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված եւ ֆինանսական խնդիրները հաղթահարած Թուրեքյանը 1955թ. ստացել է Կոլումբիայի համալսարանի երկրաքիմիայի դոկտորի կոչումը եւ դարձել առաջին երկրաբաններից մեկը, որ դասավանդել է Յեյլում:




























