Նույնիսկ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների նկատելի վատթարացման ժամանակահատվածում Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունները մեծ չէին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Սեւծովյան Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը:
Նրա խոսքով` Իսրայելում կան քաղաքական եւ հասարակական գործիչներ, անկախ փորձագետներ եւ լրագրողներ, ովքեր քննադատում են Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրենց պետության դիրքորոշումը: Որպես օրինակ քաղաքագետը նշել է, որ Երեւանում, վերջերս կայացած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախօրեին» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Իսրայելի այն ներկայացուցիչները, ում հետազոտությունները թարգմանվում են մի քանի լեզվով, ինչը համապատասխան երկրներում հասարակական քննարկումների գլխավոր գործոն է: Սակայն, ինչպես նշել է Արեշեւը, նրանց ազդեցությունն Իսրայելի խորհրդարանի, առավել եւս կառավարության վրա մոտ ժամանակներս, դժվար թե նշանակալի լինի:
«Հավանաբար, այս հարցը հրատապ բնույթ չի կրի Իսրայելի խորհրդարանում, որն ունի դժվար պայմաններում աշխատող բավականին խառը կազմ: Եւ Անկարայի հետ հարաբերությունների հրապարակային կարգավորումն, իհարկե, կդառնա Իսրայելում հայամետ խմբերի հաջող գործունեության դեմ արգելքի, նաեւ այդ երկրի` կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ գերակայության գործոն»,- ամփոփել է Արեշեւը:




























