Ռուսաստանը զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը ոչ աշխատանքային օրերի թվով 2013թ.: Նման եզրահանգման են եկել Hotels.com կայքի մասնագետները, որոնք հաշվարկներ են իրականացրել աշխարհի 40 խոշոր երկրներում:

Բացի ամենաշաբաթյա հանգստյան օրերից ռուսաստանցիները ամեն տարի ստանում են եւս 40 ոչ աշխատանքային օր, որոնցից 28-ը արձակուրդն է, 12-ը` պետական տոները: Երկրորդ տեղը կիսում են Իտալիան եւ Շվեդիան` 36-ական օր: Նրանց հաջորդում են Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նորվեգիան եւ Բրազիլիան (35 օր): Վերջին տեղում Մեքսիկան է, որտեղ մարդիկ բացի հանգստյան օրերից հանգստանում են միայն 13 օր, հայտնում է «Վեդոմոստին»:

Բայց տոների քանակով Ռուսաստանը առաջինը չէ, զիջում է Արգենտինային (19 տոն), Կոլումբիային (18), Ճապոնիային եւ Հոնգկոնգին (16 օր), Թայլանդին (15) եւ Մալազիային (14): Կանադան եւ Բրազիլիան միայն 5 տոնական օր ունեն: