Այսօր՝ մարտի 26-ին, Երեւանում կայացել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովը: Միջոցառմանն ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի եւ Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ուղղությամբ ծրագրված միջոցառումները եւ ստորագրման նախապատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջեւ պաշտպանական համագործակցության պլանը: Համագործակցության պլանի նպատակներն են.

- Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը`  նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը,

- պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը`  նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը,

- խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների եւ ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը,

- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում: 

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջեւ պաշտպանական համագործակցության պլանը ստորագրվելու է նամակների փոխանակման միջոցով առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը եւ կարեւորել են համագործակցության ամրապնդումը խաղաղապահ կարողությունների զարգացման եւ պաշտպանական բարեփոխումների ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարեւորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրումը եւ համագործակցությունն առավել թիրախային դարձնելու կողմերի պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը ողջունել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության զարգացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը եւ ընդգծել, որ համագործակցությունն ընդհանուր նպատակներ է հետապնդում եւ ուղղված է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: