Հայտնի ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին, ում մարտի 23-ին մահացած էին գտել Մեծ Բրիտանիայում իր առանձնատան լոգարանում, իր մահից օրեր առաջ խոսել է ինքասպան լինելու մտադրության մասին: Այս մասին BBC-ին պատմել է նրա մտերիկ ընկերներից մեկը, ով չի ցանկացել ասել իր անունը: Նա ասել է, որ այն ժամանակ ինքը լուրջ չի ընդունել Բերեզովսկիի խոսքերը:
Օլիգարխի ընկերը նաեւ պնդել է, որ Բերեզովսկին հակադեպտերսանտներ էր ընդունում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին անցկացված դիահերձման արդյունքում պարզվել է, որ նա կախվել է:
Նրա թիկնապահի խոսքով, ով Բերեզովսկիին մահացած է գտել լոգարանում, գործարարն իրեն մի քանի հանձնարարություն է տվել եւ ինքը մարտի 23-ի առավոտյան լքել է տունը: Թիկնապահը բացակայել է 5 ժամ:
Վերադառնալուց հետո նա նկատել է Բերեզովսկիի ձեռքի հեռախոսը, որի վրա մի քանի անպատասխան զանգ է եղել: Դա կասկածելի է թվացել թիկնապահին եւ նա որոշել է նայել տունը:
Շուտով նա հայտնաբերել է, որ լոգարանի դուռը փակ է իսկ ներսից ոչ ոք չի պատասխանում: Այդ ժամանակ թիկնապահը կոտրել է դուռը եւ տեսել հատակին ընկած գործարարին: Նրա մոտ որեւէ գրություն չի հայտնաբերվել:




























