Ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի մահվան հանգամանքների պաշտոնական հետաքննությունը կսկսվի մարտի 28-ին, որը կվարի դատական քննիչ Փիթեր Բեդֆորդը:
Բերքշիր կոմսության Թեմզ-Վելլիի օկրուգի ոստիկանության կայքը նշում է, որ մարտի 26-ին պաշտոնապես կատարվել է գործարարի դիակի ճանաչման ընթացակարգը: Չի նշվում, սակայն, թե ով է մասնակցել այդ ճանաչման գործընթացին: Հայտնի է միայն, որ դա եղել է Բերեզովսկիի մոտ հարազատներից մեկը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես նշում է НТВ-ն, մարտի 28-ին կսկսվի հատուկ հետաքննությունը, որն անցկացվում է այն դեպքերում, երբ մարդու մահը շարունակում է խորհրդավոր մնալ: Հեռուստաալիքի լրագրողները խորհրդավոր են համարում այն, որ գործը քննում է հարեւան օկրուգի ոստիկանությունը, որ ոստիկանությունը չի հաղորդում, թե կոնկրետ որտեղ է գտնվում օլիգարխի մարմինը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության փաստաթղթերում եւ պաշտոնական արձանագրություններում չի հիշատակվում «ինքնասպանություն» բառը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարարի մարմինը հայտնաբերվել էր նրա առանձնատան լոգարանում, մարտի 23-ին: Փորձագետները նրա մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Դիահերձումից հետո էլ պարզվել է, որ օլիգարխը խեղդվել է:




























