Մարտի 26-ի երեկոյան ռուսական լուրերի թողարկումները հեղեղված էին ԲՐԻՔՍ գագաթաժողովի անակնկալների վերաբերյալ լուրերով: Միջոցառման կազմակեպիչները ռուսական պատվիրակությանը ապշեցրել են իրենց աննախադեպ  սխալներով ու անհարթություններով: ՀԱՀ-ի Անվտանգության ծառայությունն արել է ամեն ինչ ռուսաստանցի հյուրերին վերջնականապես շփոթեցնելու համար, հաղորդում են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը եւ «ՌԻԱ Նովոստին»:

Գագաթաժողովի բոլոր միջոցառումները տեղի են ունեցել մեկ համալիրում, սակայն Ռուսաստանի պատվիրակության անդամներին մշտապես խոչընդոտել են. մեկ փոխել են միջոցառման ծրագիրը, մեկ  էլ պարզապես թույլ չեն տվել մտնել այս կամ այն սրահ:  Այսպես, այն սրահների դռները, որտեղ գտնվել են երկու երկրների նախագահները, փակվել են Ռուսատսանի ԱԳՆ-ի ղեկավար  Սերգեյ Լավրովի, նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի առաջ: Պեսկովն իրավիճակին փորձել է հումորով մոտենալ. «Մենք անպայման մանրամասն կուսումնասիրենք միջազգային խոշոր միջոցառումների անցկացման փորձը»:

Լրագրողները գագաթաժողովին նույնպես նման իրավիճակում են հայտնվել: Նրանց համար կանոնները փոխվել են 10 րոպեն մեկ: Ինչ-որ պահի ՀԱՀ-ի անվտանգության աշխատակիցները դադարել են թույլատրել լրագրողներից ոմանց սրահ  մտնել, իսկ մյուսներին չեն խանգարել:

Ամեն դեպքում պետության ղեկավարների համար հանդիպումներն առանց արտակարգ միջադեպերի են տեղի ունեցել: Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՀ-ի իր գործընկեր Ջեյկոբ Զումայի, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ: