Ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին ծրագրում էր Իսրայել այցելել: Այդ մասին հայտնել է նրա ընկերը՝ ռուսաստանցի նախկին գործարար Միխայիլ Չերնոյը, որն այժմ Իսրայելում է բնակվում:
Նրա խոսքով, որը մեջբերում է բրիտանական Financial Times թերթը, ինքը Բերեզովսկիի հետ հեռախոսազրույց էր ունեցել մարտի 22-ի առավոտյան՝ գործարարի մահվան նախօրեին: Վերջինս հայտնել էր, որ երկուշաբթի կգնա Իսրայել եւ Չերնոյին խնդրել էր Թել Ավիվից ոչ հեռու հյուրանոցային համար պատվիրել:
Հավելենք, որ մարտի 28-ին անգլիական Վինձոր քաղաքում կսկսվի 67-ամյա Բերեզովսկիի մահվան փաստով հետաքննությունը: Նախօրեին Սքոթլանդ Յարդը հրապարակել էր դիահերձման արդյունքները: Մասնագետները բռնի մահվան հետքեր չէին հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ գործարարը կախվել է: Թունաբանական եւ հիստոլոգիական փորձաքննության արդյունքները սպասվում են մեկ շաբաթ անց:




























