Արդեն երեք ամիս Կամբոջայի բանտում գտնվող Ռուսաստանցի ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկիի անձնական բոլոր էջերը սոցցանցերից հեռացրել են:

LiveJournal-ից հեռացվել է polonium194 բլոգը, որը ձեռնարկատերը վարում էր մի քանի տարի: Անհետացել են նրա Facebook-ի եւ Twitter-ի էջերը:

Ավելի վաղ իր բլոգում Պոլոնսկին գանգատվել էր ռուսական լրատվամիջոցներից, որոնք բավարար չափով անկողմնակալ չեն լուսաբանում իր ձերբակալման հետ կապված իրավիճակը եւ իր ղեկավարած «Պոտոկ» ընկերության խնդիրները (նախկին Mirax Group):

Հիշեցնենք, Սերգեյ Պոլոնսկին եւ նրա երկու ընկերները՝ Կոնստանտին Բագլայը եւ Ալեքսանդր Կարաչինսկին, Կամբոջայում ձերբակալվել էին Նոր տարին տոնելիս: Ըստ ոստիկանության վարկածի՝ ռուսաստանցիները հարբած վիճակում դանակով սպառնացել էին նավակի անձնակազմին,  նավաստիներին իբրեւ թե բանտում էին փակել, հետո ստիպել էին նետվել ջուրը: Պոլոնսկին նավաստիների հետ հարցերը հարթել էր գումար վճարելով, սակայն դատաստանից խուսափել չէր հաջողվել: