ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսը հրապարակավ ներողություն է խնդրել արտամուսնական կապի համար, որը հանգեցրել է նրա հրաժարականին:

«Թույլ տվեք ելույթս սկսել կրկին անգամ ներողություն խնդրելով այն հանգամանքի համար, որը ստիպեց ինձ հեռանալ ԿՀՎ-ից եւ այդքան ցավ պատճառեց իմ ընտանիքին, ընկերներին ու կողմնակիցներին: Ես խորապես ցավում եմ դրա համար»,-հայտարարել է նա՝ հանդես գալով Հարավային Քալիֆորնիայի համալսարանի սպաների պատրաստման ծառայության հանդիսավոր ընթրիքի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Պետրեուսը նաեւ նշել է, որ «այդ սխալը չի կարող վերջ դնել իր կյանքին», որ ինքը «կարող է եւ պետք է առաջ ընթանա»: ԿՀՎ նախկին ղեկավարի ելույթը բուռն ծափահարությունների է արժանացել:

Հիշեցնենք, որ Պետրեուսը ԿՀՎ ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել 2012 թվականի նոյեմբերին՝ խոստովանելով որ դավաճանել է կնոջը: Պետրեուսի սիրուհին եղել է նրա կենսագիր Փոլա Բրոդուելը: