Խորվաթ քաղաքական գործիչ, Լիբերալ կուսակցության կողմից Եվրախորհրդարանի թեկնածու Դամիր Խրշակը խոստովանել է, որ գերադասում է անկողինը կիսել տղամարդկանց հետ: Խրշակը Խորվաթիայի առաջին քաղաքական գործիչն է, ով որոշել է հրապարակայնորեն հայտարարել իր սեռական կողմնորոշման մասին:
«Ես չեմ պարծենում եւ ոչ էլ ամաչում եմ: Բայց հպարտ եմ` լավ եւ վատ ժամանակներում սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանության գործում իմ ցուցաբերած ակտիվությամբ: Իմ բարոյական պարտքն եմ համարում պայքարել բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ընդունված լինել, ավելի ստեղծագործ եւ երջանիկ լինել»,- հայտարարել է Խրշակը, հայտնում է «Ռոսբալթ»-ը:
Խորվաթ լրագրողների այն հարցին, թե ի՞նչ արձագանք են տվել նրա համախոհները, Խրշակը պատասխանել է. «Ես հանդիսանում եմ ժամանակակից ձախ կուսակցության անդամ, որտեղ գնահատվում են աշխատանքը, ճշմարտությունն ու գիտելիքը, իսկ հոմոֆոբիան պատժվում է»:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, 44-ամյա Դամիր Խրշակը բացի քաղաքական գործունեությունից նաեւ Զագրեբի համալսարանի մետալուրգիական ֆակուլտետի պրոֆեսոր է եւ գիտական «Համընդհանուր մոտեցում շրջակա միջավայրին» ամսագրի գլխավոր խմբագիրը:




























