Թուրքիայում պետական անօրինականությունների հետ կապված փաստաթղթերի հրապարակմամբ հայտնի RedHack հաքերների խմբի հերթական թիրախը եղել է Թուրքիայի բնապահպանության նախարարության կայքը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, RedHack հաքերների խումբը Twitter-ի իր էջում գրություն է թողել՝ հայտնելով, որ կոտրել են նախարարության կայքը՝ բողոքելով Բնապահպանության նախարարի դեմ, ով դեղերի հետ կապված օգնություն խնդրած քաղցկեղով հիվանդ աղջկա գրպանը գումար էր դրել։
«Թող մեր հարձակումը նվեր լինի նախարարին, ով կարծում է, թե նվեր տալով կարող է խաբել բոլորին»,-նշվել է RedHack-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը գումար էր դրել իրենից դեղերի հարցում օգնություն խնդրած քաղցկեղով հիվանդ 23-ամյա աղջկա գրպանը, ինչից աղջիկը վիրավորվել էր։ Նա հետ էր տվել գումարը՝ ասելով, թե ինքը գումար չի մուրում, պարզապես նրա օգնություն է հայցում դեղեր տրաադրելու հարցում։



























