Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը գլխավորել է Forbes հանդեսի հերթական վարկանիշը որպես աշխարհի ամենաթանկ երեխայի հայր: Գործարարն աստղաբաշխական գումար է ծախսել իր քաղաքացիական կնոջ` Դարյա ժուկովայի ծննդաբերության վրա:
Պարբերականի տվյալներով, Հուդզոնի ծոցում Eclipse զբոսանավի կայանման համար Աբրամովիչը շաբաթական 200 հազար դոլար է ծախսել: Նավը Նյու Յորքի ջրեր էր մտել փետրվարի կեսերին եւ ահռելի տպավորություն էր գործել տեղացիների եւ լրագրողների վրա:
Աբրամովիչն ու Ժուկովան որոշել էին հանգիստ սպասել ծննդաբերությանը: Զբոսանավն ավելի հարմար կացարան է, քան թանկարժեք հյուրանոցը, քանի որ նրա վրա կարող են տեղավորվել Աբրամովիչի բազմաթիվ թիկնապահները: Նավը երկու ամիս մնացել է ծոցում, եւ Աբրամովիչը դրա վրա 1,6 մլն դոլար է ծախսել: Ընդ որում, Forbes-ը չի հաշվել ուտելիքի եւ խմիչքի գումարները, որ զույգն օգտագործել է` զմայլվելով Մանհեթենի տեսարանով, գրում է «Վեստի.ru»-ն:
Բժշկական ծախսերը եւս անհայտ են մնացել: Ծննդաբերության ցավերը սկսելուց հետո Ժուկովան ափ է իջել եւ ուղեւորվել Պրեսբիտերիանական հիվանդանոց, որտեղ էլ ծնվել է փոքրիկ Լեյան:




























