Լիբիական Buraq Air մասնավոր ավիաընկերության ուղեւորատար օդանավը հրաձգության է ենթարկվել Տրիպոլիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ:

Գնդակներից մեկը դիպել է օդաչուների սրահին, սակայն անձնակազմի անդամներից եւ ուղեւորներից ոչ ոք չի վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ի երեկոյան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Բենգազիից թռչող Boeing-737 օդանավում եղել է 150 ուղեւոր, նրանցից շատերը խուճապի են մատնվել կրակոցներից: Շոկի մեջ հայտնված մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց, գրում է NEWSru.com-ը:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: Buraq Air-ում հակված են կարծել, որ դա կարող է լինել պատահական օդ կրակոցներ, ոչ թե՝ ծրագրված ահաբեկչական գործողություն:

Այդ վարկածի օգտին է խոսում այն, որ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները դեռեւս որեւէ կասկածելի բան չեն հայտնաբերել: Այդուհանդերձ, Տրիպոլիի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: