Խոսելով «չեզոքության» մասին եւ միաժամանակ զենք մատակարարելով Ադրբեջանին, Թուրաիան փորձում է ընդգրկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շարքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե նախորդ տարի Թուրքիան Ադրբեջանին ավելի քան 600 հազար դոլարի զենք է վաճառել:
«Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում Թուրքիան՝ ձգտելով ԼՂ հարցում միջնորդ դառնալ, միաժամանակ ակնհայտորեն աջակցելով կողմերից մեկին: Իրականում Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր ձեռքը վերցնի տարածաշրջանը, այդ թվում զենքի մատակարարումներով»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ արեւմտյան երկրները, հակառակը, չեն ձգտում աջակցել Անկարայի հավակնությունները, ուստի Թուրքիաում են հայտնվում ոչ ամենաորակյալ եվրոպական տեխնոլոգիաները կամ էլ՝ դրանց պատճենները:
Այդուհանդերձ, Թուրքիան մատակարարում է ճիշտ նույն զինատեսակները, ինչ՝ Ռուսաստանը, փորձելով դուրս մղել Մոսկվային շուկայից, տարեկան մատակարարելով մոտ 2 մլրդ դոլարի զենք:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի մեքենաշինության եւ քիմիական արդյունաբերության կազմակերպությունը 2012 թվականին 33 երկրների վաճառել է 55,367 մլն դոլարի ապրանք: APA-ի փոխանցմամբ՝ օտար երկրներին, այդ թվում Ադրբեջանին վաճառվել է 605,5 հազար դոլարի զենքի զինամթերք:
Նշենք, որ Թուրքիայի մեքենաշինության եւ քիմիական արդյունաբերության կազմակերպությունը 2011-ին Ադրբեջանին է վաճառել 719 հազար դոլարի ապրանք:




























