Ինչ իմաստ ունի ժամանակից շուտ կարծիք հայտնել. ճիշտը նա է, որ պաշտոնապես ամեն ինչը իր հունով գնա եւ մենք կաշկանդված չեք լինի ձեզ ինֆորմացիա տրամադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն՝ արձագանքելով իր հավանական պաշտոնանկության մասին խոսակցություններին:
«Մի փոքր էլ համբերություն եւ օրենքով սահմանված կարգով տեղեկացված կլինենք: Ես որեւիցե մեկնաբանություն չեմ կարող անել այդ լուրերին: Ուղղակի հավելեմ, որ այս պահի դրությամբ, ես իմ աշխատանքները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում: Օրենքով սահմանված ընթացակարգեր կան կառավարության ձեւավորման վերաբերյալ: Ինչ իմաստ ունի ժամանակից շուտ կարծիք հայտնել»,- ասաց Արամ Հարությունյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի վերջին համատեղ նիստում իրենց աշխատանքներից դժգոհություններ հնչե՞լ են, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Մենք ամեն տարի սահմանված կարգով հաշվետվություն ենք ներկայացնում: Ուղղակի ավելացնեմ, որ բնապահպանության նախարարությունում լավ թիմ կա, որը ընդունակ է իր առջեւ դրված խնդիրները լուծել»:




























