Կանադայում ապրիլի 21-ին մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները: Միջոցառումներ են տեղի ունեցել Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենթ Քեթրինս քաղաքներում:
Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում է տեղի ունեցել Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում:
Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաեւ Մեծ Եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը:
Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ողբերգությունները:
Դեսպանը շեշտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով:
Միջոցառումն ավարտվել է Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ դնելով:




























