Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն ապրիլի 22-ին հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Եգանյանը եւ սենատոր Անդրեյչուկը զրուցել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարեւորել է Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրել է Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը եւ ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարեւորել են Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:




























