Մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը՝ Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել հայկական կողմի հրավերն ընդունելու համար եւ ողջունեց դիտորդների առաջիկա այցը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գեւորգյանը նշել է, որ հունիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետեւ կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երեւանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու լավ հնարավորություն են համարել:
Կողմերը քննարկել են նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշել է, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաեւ ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրել է, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը:




























