Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ալիկ Հախվերդյանը դեռ մեկ շաբաթ էլ կմնա «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը՝ Ալիկ Հախվերդյանը:

Նա նշեց, որ գլխապտույտներ, սրտխառնոցներ ունի, աչքերի դիմացը սեւանում է, երկար չի կարողանում խոսել: Ալիկ Հախվերդյանը վնասվածք էր ստացել գլխի եւ ձախ ականջի հատվածում:

Նա պատմեց, որ բուկլետներ բաժանելիս իրեն մոտեցել են հանրապետական ներկայացող թաղի տղաները, հետաքրքրվել, թե որտեղից է, ինչ է անում, հետո ասել, թե սա մեր տարածքն է, ինչ գործ ունեք եւ այլն: Սկզբում  նրանք ընդամենը 4 հոգի էին,այնուհետեւ այդ երիտասարդների թիվը կրկնապատկվել է եւ սկսվել է ծեծկռտուք:

Հիշեցնենք, որ Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող  ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է  մոտ 27-ամյա Ալիկ Հախվերդյանը: Նա արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց,  կյանքին վտանգ չի սպառնում: ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: