Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին եւ նշել, որ անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում քաղաքական շփումների բարձր մակարդակով եւ այսօր էլ երկկողմ հարաբերությունները զարգացման վերընթաց բնույթ են կրում:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը:
Սենատոր Բրուբեյքերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ իր այցի նպատակն է մոտիկից ծանոթանալ Հայաստանին, հայ ժողովրդին: Նրա համոզմամբ` երկկողմ շփումները, նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ համագործակցության խորացմանը մի շարք բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցր եւս` փոխադարձաբար կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը բոլոր մակարդակներով, փոխգործակցությունը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում, կոնկրետ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը:




























