Հայերը միասին պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան ընդունի պատմական փաստը: Այս մասին լրագրողներին այսօր` ապրիլի 24-ին, հայտարարել է Մարսելում Հայկական մշակութային տան նախագահ Կարո Հովսեփյանը` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո:
«Մենք պատմական այս կարեւոր օրն այստեղ ենք գտնվում սփյուռքի նախարարի կոչին անսալով: Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օրը, հայերը, որտեղ էլ որ գտնվեն, պետք է միանան»,- նշել է Հովսեփյանը:
Նրա խոսքով` ժամանակակից Թուրքիան չի հանդիսանում արյունալի իրադարձությունների կազմակեպիչը, սակայն նա պետք է ընդունի իր ժողովրդի պատմությունը: Հովսեփյանը նաեւ նշել է, որ Մարսելում այսօր Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվելու: Օրը կավարտվի զանգվածային բողոքի ցույցով, որի վերջնական նպատակը կլինի Թուրքիային ստիպել` ընդունել իր ժողովրդի պատմությունը:




























