Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը` լինելով առանցքային առեւտրային գործընկեր եւ Հայաստանի տնտեսությունում առաջատար օտարերկրյա ներդրող:

2012թ կտրվածքով փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա այցը Մոսկվա:

Նա նշել է, թե Հայաստանում գործում են ռուսաստանյան կապիտալով 1,3 հազար ձեռնարկություններ, ինչը կազմում է օտարերկրյա կապիտալով ընկերությունների քառորդ մասը: Տնտեսական համագործակցության գերակա ուղղություն է վառելիքա-էներգետիկ ոլորտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, ապրիլի 25-26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների առջեւ: