Ցեղասպանության ճանաչման խնդիրը ժամանակով սահմանափակելը սխալ է եւ պետք է շարունակել այն հետեւողական աշխատանքը, որն առ այսօր տարվել է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ոչ միայն պետության, այլ նաեւ հայկական բոլոր կազմակերպությունների առաջնային խնդիրներից մեկն է, որովհետեւ դա իրոք համամարդկային խնդիր է: «Դա զուտ միայն քաղաքական գործընթացներով պայմանավորել պետք չէ, դա համամարդկային քաղաքակրթական խնդիր է եւ, վաղ թե ուշ, միջազգային հանրությունը պետք է պատշաճ վերաբերմունք ու դատապարտում ցուցաբերի այս խնդրի նկատմամբ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար բոլոր համայնքներում ստեղծված են համապատասխան հանձնախմբեր, որոնք որ պատրաստում են տվյալ համայնքներին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: «Ամենամեծ ազդակը պետք է լինի միջազգային հանրությանը, որ 100 տարի անց կան հանցագորություններ, անմարդկային ողբերգություններ, որոնք մոռացության ենթակա չեն»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ 1960-ականներից սկած հայ ժողովուրդը հայ դատի խնդիրը բարձրացնում է եւ նաեւ դրա արդյունքում է, որ 20-ից ավելի երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են այդ փաստը, շատերում էլ տարբեր մակարդակներով քննարկում եւ ճանաչում տեղի է ունեցել:




























