Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս, որի ավարտից հետո մասնակիցները Տիգրիս գետի վրա գտնվող տաս կամար ունեցող կամուրջից վարդեր են նետել գետը։
Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի փաստաբանների միության եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած «Տեղահանության տարելիցին դիարբեքիրցի հայեր» կոնֆերանսին մասնակցել է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, ով ելույթի ժամանակ ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Սարաֆյանը, նշելով, որ միայն Դիարբեքիրում ապրել է 80 հազարից ավել հայ, շեշտել է, որ Ցեղասպանության գաղափարական նպատակը եղել է կայսրության իսլամականացումն ու թուրքականացումը։
Կոնֆերանսի ավարտից հետո մասնակիցները Տիգրիս գետի վրա գտնվող պատմական տասը կամար ունեցող կամուրջից վարդեր են նետել գետը, որտեղ 1915-ին նետում էին հայերին։




























