Ջավախահայ գործիչ, տարիներ շարունակ ազատազրկման մեջ անկացրած Վահագն Չախալյանի առողջական վիճակը լավ է, բողոքներ չունի, թեթեւ խնդիրներ են հայտնաբերվել, բայց վիրահատական միջամտության կարիք չի եղել։ Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Վահագն Չախալյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ իր վրա ճնշումներ չկան, ամեն ինչ նորմալ է, թեեւ մտավախություն ունի, որ Սահակաշվիլիի կողմից տարվող հակահայ քարոզչության արդյունքում Վրաստանի խորքերում ապրող ինչ-որ մի ծայրահեղական ինչ-որ բան կանի։ Այժմ նա զբաղված է իր կազմակերպության խնդիրներով, որը քանդվել է, պառակտվել, շենքային պայմաններն էլ զրոյացվել են, լրիվ առգրավվել է ռադիոն, շենքը։
Անդրադառնալով Վրաստանի իշխանություններին՝ նա ասաց, որ այնտեղ երկիշխանություն է, «իշխանության նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, որը թողել է Սահակաշվիլիի ռեժիմը»: «Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ Սահակաշվիլիի ռեժիմը հայաթափում է Ջավախքը՝ ելնելով ոչ թե Վրաստանի, Հայաստանի շահերից, այլ ընդամենը թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով, այսօր Վրաստանի նոր իշխանություններն ասում են այն, ինչ մենք ասում էինք հինգ տարի առաջ, որ Սահակաշվիլիի ռեժիմը հանցագործություն է արել ջավախահայության հանդեպ, նրանք ընդունում են մեր պահանջները»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Սահակաշվիլիին, Վահագն Չախալյանն ասաց, որ ինչ ասի նրա մասին, ով Հայաստանի նախագահի երդմնակալության օրն այցելել է Թուրքիա, Աթաթուրքի շիրիմին ծաղկեսպակ դրել. «ինքը ոչ մի բան պատահական չի անում»։
Թե ինչ սպասելիքներ ունի Վահագն Չախալյանը նոր իշխանություններից, նա ասաց, որ այնքան էլ միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա եւ բարձրաձայնի դրանք։ Նա նաեւ ասաց, որ վրացահայ քաղաքական գործիչներն էլ շատ անհետեւողական են։
Վահագն Չախալյանի խոսքով՝ «նոր վարչապետը նոր որակի քաղաքական գործիչ է, գործարար դաշտից է եկել քաղաքական դաշտ, ով քիչ թե շատ հայտնի է իր խոստումնապահությամբ, բայց իրենց անձնական հատկանիշների հետ հույսերը կապելը ճիշտ չէ, պետք է համախմբված լինել պահանջների հարցում, ամենօրյա աշխատանքով հասնել մեր նպատակներին»։ Որպեսզի ջավախահայությունը մնա իր ծննդավայրում, նրա խոսքով, անհրաժեշտ է առնվազն հայերենի լեզվի օգտագործման ապահովում։




























