Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը եւ այս համատեքստում արժեւորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը: Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: