Երեւանում, ապրիլի 26-ին, ԱՊՀ Երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ, կառավարության դահլիճում կտրվի «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովի մեկնարկը:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի պատվիրակությունները:
Բացման արարողությանը ներկա կգտնվեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Բելառուսի դեսպան Ս. Սուխորենկոն, Ղազախստանի դեսպան Ա. Բոզժիգիտովը:
Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական Ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական Ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են երիտասարդական կազմակերպություններ, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ երկրներից:
Ծրագրում ընդգրկված է նաեւ «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:
Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ:
Ինչպես նշել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, կայանալիք համաժողովը նոր թափ կհաղորդի Եվրասիական ընտանիքին ինտեգրման գործընթացին եւ կնպաստի նոր ինֆորմացիոն հարթակ ստեղծելուն, որը ԱՊՀ տարածաշրջանի երկրների բնակչությանը Եվրասիական միության մասին ավելի շատ ինֆորմացիա կհաղորդի: «Ես շատ ուրախ եմ, որ նման մասշտաբային համաժողով է անցկացվում Հայաստանում»:



























