Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն մայիսին, Լեհաստանի Կրակով քաղաքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ չբացառելով նաեւ երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չպետք է մերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացվող առաջարկները: «Եթե ադրբեջանական կողմն իսկապես չի ուզում պահպանել ստատուս քվոն, դրա համար, երեւի պետք չէր մերժել բոլոր առաջարկները, որոնք ներկայացնում են համանախագահները»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը «ոչ միայն մերժել է ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլեւ բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են վստահության միջոցառումներին, որոնց թվում են շփման գծից դիպուկահարների հետքաշումը, հրադադարի ռեժիմի ամրացումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը»:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Երեւանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը: «Ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը համաձայներ խնդրի կարգավորմանը համանախագահող երկրների նախագահների հայտարարությունների հիման վրա, որին իր համաձայնությունը է տվել հայաստանը»,-ասել է Նալբանդյանը: