Հայ ազգային կոնգրեսն այսօրվա դրությամբ գոհ է իր քարոզարշավի ընթացքից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ, ՀԱԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արման Մուսինյանը:
Նա նշեց, որ քարոզարշավի կեսն արդեն հատել են, որոշ նախնական գնահատականեր արդեն կարող են տալ, ըստ այդմ՝ «արդեն ակնհայտ է, որ իշխող Հանրապետական ռեժիմը իր հիմնական թիրախը տեսնում է Հայ ազգային կոնգրեսին, ինչի վկայությունն են վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը համակիրների նկատմամբ»։ Մուսինյանն օրինակ բերեց Աջափնյակում տեղի ունեցած միջադեպը, երբ «քրեական տարրերը հարձակվել են ՀԱԿ համակիրների վրա, արդյունքում համակիրներից Ալիկ Հախվերդյանը հոսպիտալացվել է, գլխին երեք կար էին դրել, ոստիկանությունը, ինչպես միշտ, արձագանքել է բավականին ուշացում, գործ է հարուցված»։ Նա նշեց, որ ակնկալիք չունեն, թե մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն։
«Դեպքեր են եղել նաեւ Կենտրոնում, Ավանում: Սա ապացուցում է մի բան, որ Հանրապետականը, իշխանությունը, նրա շտաբը, թեկնածուն հասկանում են, որ իրենք արդար ընտրյությունների պարագայում պարտվելու են եւ սկսել են ընտրությունները կեղծելու գործընթացը: Հիմա բռնություններ կիրառելու փուլն է, ընտրությունների օրը կանցնեն կեղծման այլ մեթոդների՝ բազմակի քվերակությունների, ցուցակային աճպարարությունների, եթե դա չօգնի, չեն խորշի բռնություններ կիրառելուց»,- ասաց նա՝ օրինակ բերելով նաեւ վերջերս լրագրողի նկատմամբ բռնության դեպքը, որը, նրա փոխանցմամբ, արել է ՀՀԿ ավագանու անդամը։
Արման Մուսինյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն քաղաքը վերազավթելու ճանապարհին չի խորշելու որեւէ խոչընդոտից, օրինազանցությունից։ Մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ իրենց քարոզարշավը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի նկատմամբ կա տոտալ ատելություն, եւ հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժի։ «Ճիշտ է, պետք է ասել, որ կա որոշակի անտարբերություն, դա կապված է պերմանենտ շարունակվող կեղծված ընտրությունների հետ, երբ մարդիկ հույսեր չեն կապում ընտրություններով կյանքը փոխելու հետ։ Քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ կամաց-կամաց ապատիկ ընթացքը հաղթահարում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ շեշտը դրել են դռնեդուռ այցելությունների վրա, մեծ միջոցառումներ սակավ են իրականացնում։
Արման Մուսինյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել ընտրական ցուցակների վերաբերյալ, եւ հազարից ավելի քաղաքացիներ են հայտնաբերվել, ովքեր նախագահական ընտրություններում հաշվառված են եղել մարզերում, իսկ այժմ հաշվառված են Երեւանում եւ քվեարկելու են ավագանու ընտրություններում։
«Խորը ուսումնասիրության դեպքում այդ մարդկանց թիվը շատանալու է: Սա վկայում է, որ ՀՀԿ-ն, օգտագործելով անձնագրային ծառայության լծակները, զբաղված է ցուցակային աճպարարություններով»,- ասաց նա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























