«Ռուսալ Արմենալ» ընկերության ֆոլգագլանման արտադրամասի մոտ մեկ տասնյակ բանվորներ այսօր՝ ապրիլի 25-ին բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Նրանք 101 բանվորի անունից նամակ հանձնեցին ՀՀ նախագահին:
Բանվորների տեղեկացմամբ՝ ՀՀ վերաքննիչ դատարանը մոտ 20 օր առաջ չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ այդ արտադրամասի բանվորները պետք է աշխատավարձի 50 % հավելավճար ստանան վտանգավորության համար: Բանվորների տեղեկացմամբ՝ արտադրամասում օգտագործվում է քսվող-սառեցվող հեղուկ, որի գոլորշիները խիստ վտանգավոր են առողջության համար: Բացի այդ՝ սարքավորումների մի մասը ռադիոակտիվ իզոտոպ է պարունակում, արտադրամասում կան 5 ալյումին հալեցնող վառարաններ: Բանվորներն աշխատում են 12 ժամ՝ 2օրյա հերթափոխով, բավական խսիտ աշխատանքային ռեժիմով: Բանվորներից մեկի խոսքով՝ նույնիսկ զուգարան գնալու համար 15 րոպեից ավելի չեն կարող բացակայել:
Բանվորների աշխատավարձը կազմում է 180-200 հազ. դրամ: Նրանց խոսքով՝ վտանգավորության հավելավճարներ չեն եղել նաեւ խորհրդային ժամանակներում, սակայն այն ժամաակ բանվորներն օգտվել են բազմաթիվ արտոնություններից (ձրի հանգիստ, սնունդ եւ այլն); Վտանգավորության հավելավճարներ չեն տրամադրվում նաեւ «Ռուսալի» ռուսաստանյան գործարաններում, սակայն այնտեղ աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր է: Միակ արտոնությունը, որ ներկայում գործում է՝ 5 տարի շուտ թոշակի անցնելն է:




























