Մերձմոսկվայի Ռամենյան ավանում գտնվող հոգեբուժարանը հրդեհելու մեջ կասկածում են հոգեբուժարանի հիվանդներից մեկին: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հրդեհի ականատեսներից մեկը: Նրա խոսքով՝ կենդանի մնացած բուժքույրն իրեն պատմել է, որ հարկադրաբար հիվանդանոց տեղափոխված երիտասարդը այրել է միջանցքում դրված բազմոցը, որտեղ հեռուստացույց են դիտում:
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ի թիվս այլոց, քննում է նաեւ հրդեհելու վարկածը, սակայն դա գլխավոր վարկածը չէ: Հիմնական են համարվում չհանգցրած ծխախոտից կամ հոսանքի լարերի կարճ միացումից հրդեհի առաջացման վարկածները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 26-ի գիշերը, Մերձմոսկվայի Ռամենյան հոգեբուժարանի հիվանդները սարսափելի հրդեհի զոհ են դարձել: Գրեթե բոլորը ողջ-ողջ այրվել են, փրկվելու շանսեր չեն եղել, քանի որ բոլոր պատուհանների վրա վանդակաճաղեր են եղել:
Բացի այդ, հիվանդները եղել են ուժեղ ազդեցության տրանկվիլիզատորների ազդեցության տակ:
Հրշեջ ծառայությունները դեպքի վայր են հասել հրդեհն սկսվելուց մեկ ժամ անց, թեեւ պետք է ժամանեին 20 րոպեից: Մոսկվայի մարզի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որր զոհերի հարազատները 500 հազարական ռուբլի փոխհատուցում կստանան:
Ոստիկանության աղբյյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ զոհվածների մեծ մասին գտել են անկողիններում: Ամենայն հավանականությամբ, նրանք նույնիսկ չեն փորձել փրկվել: Սակայն մեկ այլ աղբյուր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստիացրել է, որ մարդիկ, այդուհանդերձ, փորձել են փրկվել, բայց ոչ մի շանս չեն ունեցել:
Հրդեհի պահին հիվանդանոցում հերթապահության են եղել 3 բուժծառայողներ, որոնցից մի կին հասցրել է դուրս բերել երկու հիվանդի:
Հրդեհի պահին հիվանդանոցում եղել է 41 մարդ, որոնցից փրկվել է միայն երեքը՝ բուժքույրը եւ երկու հիվանդ, որոնք բուժքույրն է դուրս բերել: Այս պահին հրդեհի վայրում գտել են 12 մարմին:
Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, պատճառները պարզվում են:




























