2012թ դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը վատ ազդեցություն է ունենում փոքր տպաքանակ ունեցող մի շարք թերթերի վրա, նկատելիորեն ավելացել են նրանց հարկերը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեցին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։
Արմիեն Օհանյանը նշեց, որ երբ դեռ անցած տարի օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր, մասնագետները զգուշացնում էին, որ սա կարող է փոքր եւ միջին բիզնեսի համար կործանարար լիներ, բայց ինչպես միշտ, Կառավարությունը երբ իր առջեւ խնդիր է դնում, փորձում է ամեն կերպ այն իրականացնել։ Արմինե Օհանյանը տեղեկացրեց, որ այժմ իրենք ստիպված են եռամսյակը մեկ հարկ վճարել՝ 3,5 տոկոս թերթի իրացումից եւ 5 տոկոս՝ գովազդային շահույթներից, մինչդեռ նախկինում տարվա վերջում իրացումից հարկ էին վճարում՝ մոտ 1-2 տոկոս։
«Այն թերթերը, որոնք ունեն մեծ տպաքանակ, շատ չեն տուժում հարկի առկայությամբ, տուժում են միջին եւ փոքր տպաքանակով թերթերը, որոնք ունեն ինտերնետային կայքեր, որտեղ կան գովազդներ»,- ասաց Արմինե Օհանյանը՝ հավելելով, որ «Հայկական ժամանակը», «Առավոտը» շատ չեն տուժում այս օրենքից, քանի որ երբ թերթի շրջանառությունը մեծ է, նրանք վճարում են ավելացված արժեքի հարկ։
«Հրապարակը», որն ունի 3000 տպաքանակ եւ կայք, որտեղ կան գովազդներ, կրկնակի հարկային դաշտում է հայտնվել։ Արմինե Օհանյանը տեղեկացրեց, որ այս ամիս 600-700 հազար հարկ են վճարել: Գլխավոր խմբագիրը շեշտեց, որ այսպես ստիպում են լրատվամիջոցներին ինտերնետ տիրույթում չգործել, գովազդներ չունենալ, ինչը, սակայն, անհեռանկար է, քանի որ ամեն ինչ դեպի ինտերնետ է գնում։
Թագուհի Թովմասյանն էլ պարզաբանեց, որ եթե մինչեւ հիմա բոլոր ձեռնարկատերերը վճարում էին շահութահարկ, այժմ բերել են այն դաշտ, որ վճարում են հարկ շրջանառությունից, իսկ շրջանառությունը միշտ ավելի մեծ է լինում, քան եկամուտը։ Նրա խոսքով՝ շրջանառության հարկը կբերի գործունեության կասեցման, առաջիկայում ականատես կլինենք մանր խանութների, կրպակների, վարսավիրանոցների փակմանը։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ եթե նախկինում իրենց թերթը վճարում էր ամսական 200-250 հազար հարկ, ապա այժմ՝ 400-500 հազար հարկ։ Գլխավոր խմբագրի խոսքով՝ երբ այս օրինագիծը ներկայացվել է Հանրապետության նախագահին եւ ԱԺ, առաջին հերթին բացատրել են, թե էականորեն թեթեւացնելու են միջին եւ փոքր բիզնեսի հարկային բեռը եւ նրանք կվճարեն միայն մեկ հարկ, բայց սա ավելի է բարդացնում նրանց վիճակը։ Նա օրինակ բերեց զարգացած երկրները՝ շեշտելով, որ այնտեղ փոքր եւ միջին բիզնեսը հարկվում է սիմվոլիկ, քանի որ աշխատատեղ են ապահովում։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ թերթերը բավականին լուրջ խնդիրներ ունեն գրահրատարակչության, ինտերնետային հոսքերին դիմագրավելու հետ։ Նա տեղեկացրեց, որ թերթը երկու տեսակի հարկ է վճարում, օրինակ՝ «Ժողովուրդը» ամսական երկու միլիոն դրամ է վճարում տպարանին, որտեղից քսան տոկոսը փոխանցվում է հարկային մարմիններին, իսկ այժմ նաեւ հարկ են վճարում թերթի շրջանառությունից եւ եկամուտից։
Գլխավոր խմբագիրը նաեւ ասաց, որ պայմանավորվածություն ունի մի քանի պատգամավորների հետ, որպեսզի օրենսդրական փոփոխությամբ հանդես գան, գոնե ինտելեկտուալ աշխատանքի ոլորտը թողնեն նախնական վիճակին։



























