Վարդանն Օսկանյանն ինչ ասում է` կառավարությունն իրագործում է: Այդ մասին, այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա գնահատմամբ` ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վ. Օսկանյանը մասնագետ չէ, սակայն մտել է խորը տնտեսագիտական մեկնաբանությունների մեջ:

«Պարոն Օսկանյանն ասում է` հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունները եղել են զսպող: Սակայն հարկաբյուջետայինը եղել է թույլ զսպող, գրեթե` չեզոք, իսկ դրամավարկայինը` տնտեսությանը նպաստող… Կառուցվածաքային քաղաքականության մասով պրն Օսկանյանի հետ համաձայն ենք, հարկաբյուջետայինի մասով` 3 առաջարկներից մեկի հետ համաձայն չենք, մյուս երկուսն իրագործում ենք»,- ասաց Վ. Արամյանը: Մասնավորապես` կառավարությունը համաձայն չէ Վ. Օսկանյանի այն մտքի հետ, որ աշխատավարձերն ու թոշակները պետք է կտրուկ բարձրացնել, թեեւ կողմ է աստիճանական բարձրացմանը:

Սակայն կառավարությունն իրագործում է Վ. Օսկանյանի այն առաջարկը, ըստ որի` պետք է զարկ տալ ենթակառուցվածքների զարգացմանը: Վ. Արամյանը որպես օրինակներ նշեց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, սահմանային անցակետերի վերազինումը:

Կառավարությունն, ըստ ֆինանսների փոխնախարարի, համաձայն է նաեւ Վ. Օսկանյանի այն մտքի հետ, որ փոխարժեքին պետք է թողնել ինքնուրույն արժեզրկվել: «Այդպես էլ կա` ԿԲ-ի միջամտությունը հավասարեցված է նվազագույնի, իսկ վերջին 1 տարում դրամն արժեզրկվել է»,- հայտարարեց Վ. Արամյանը: