Հրանտ Բագրատյանը մի անձնավորություն է, որն իրեն վերագրում է բարձրագույն տնտեսագիտական տիտղոսներ, սակայն տարրական սխալներ է անում իր հաշվարկներում: Նման հայտարարությամբ այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Նրա կարծիքով` Հայաստանի նախկին վարչապետ Հ. Բագրատյանն իր ֆեյսբուքյան հայտնի գրության մեջ «խառնել է» դեֆլյատորը: Վ. Արամյանի մեկնաբանմամբ` դեֆլյատորը չի ներառում ներմուծման գների փոփոխությունը, իսկ սպառողական գները դրանք ներառում են: Հիմնականում այդ պատճառով դեֆլյատորը 2012 թ. կազմել է -1.6%, իսկ սպառողական գների աճը` 2.6%:
Հիշեցնենք, որ ֆեյբուքյան իր էջում Հ. Բագրատյանը գրել էր, որ կառավարությունը թվային մանիպուլյացիաների միջոցով է ստացել 7.2% աճը, եւ այդ մանիպուլյացիայի համար օգտագործել է նաեւ դեֆլյատորի բացասական մեծությունը:



























