Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որտեղ ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի եւ «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի ընթացքում ներկայացված բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային փորձին, խնդիրներին եւ ձեռքբերումներին: Առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ «Հետ Ռիո գործընթաց»-ը համակարգելու համար, ինչն արժանացել է խորհրդի հավանությանը: 

Այնուհետեւ քննարկվել է ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման տասնամյակի իրականացումը ՀՀ-ում» ծրագրի ընթացքը: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կրթության մատչելիության ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական հաստատություններում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, աշխատանքներ են տարվում նաեւ դպրոցները համակարգիչներով համալրելու եւ հայալեզու էլեկտրոնային ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ:

Օրակարգային հաջորդ հարցով ներկայացվել է կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր սոցիալական քաղաքականության դոկտրին, որի կարեւորագույն ուղղություններից է՝ անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելն ու դրա միջոցով նրանց մարդկային կապիտալը հզորացնելը: Ծրագրի փորձնական փուլն իրականացվել է 2012 թվականին՝ Լոռի մարզի եւ Երեւանի Շենգավիթ համայնքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար: Արդյունքները ցույց են տվել ծրագրի կենսունակությունը եւ դրա շարունակության ու ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով ապահովել ծրագրի ինստիտուցիոնալիզացման գործընթացը: Այդ նպատակին են ծառայելու նաեւ հանարապետությունում ստեղծվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Կայուն զարգացումների գնահատման մոտեցումներին եւ խնդիրներին: