ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության հրապարակած տվյալներում նշվել է, թե Թուրքիայում ապրում է 80 մլն մարդ, որոնց միայն 70-75 տոկոսն է թուրք։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ԿՀՎ-ի հրապարակած տվյալներում նշվել է, թե Թուրքիայի բնակչության 70-75 տոկոսը թուրք է, 18 տոկոսը՝ քուրդ եւ մնացածը կազմում են այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիայում քուրդ բնակչության թիվը կարող է հասնել մինչեւ 14 մլն-ի։
Ըստ հրապարակման՝ Թուրքիայում մեկ կնոջը բաժին է ընկնում 2,1 երեխա, կնոջ կյանքի միջին տեւողությունը 74,7 է, իսկ տղամարդունը՝ 70,8 տարի։
Թուրքիայի վիճակագրական վարչության պետ Բիրոլ Այդեմիրն արձագանքել է այս հրապարակմանը՝ թուրքական հասարակության կոչ անելով չհավատալ ԿՀՎ-ի ներկայացրած տվյալներին։



























