Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին եւ ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին, որը մեկնարկել էր 2010թ. հունիսին եւ նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Մարկ Հորթոնը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ծրագրի արդյունքների մասին եւ ընդգծել, որ նման բարեհաջող ավարտը ամուր հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցությունների համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ-ի հետ ԱՄՀ-ի համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա վիճակին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցերին:



























