«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են տեղեկացնելով կրած վնասների մասին:
«Գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Այդ կերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում են, մտահոգվում, հաղորդագրություններ տարածում, բայց իրականում բանից անցած է եղել, եւ գյուղնախարարությունը ժամանակ եւ ֆինանսներ է ծախսել հետագայում «արդարացման» հոդ նախապատրաստելու համար:
«ՉԻ»-ն փորձեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալ ցրտահարության հասցրած վնասների մասին, սակայն ոլորտի պատասխանատուն անփութորեն նկատեց. «Բա հիմա դրա ժամանա՞կն է»:
Ավելացնենք, որ մեր տեղեկություններով` գյուղացիներին հասցված վնասների չափը պարզելու նպատակով պետական հանձնաժողով ստեղծելու փոխարեն, գյուղնախարարությունը գործը գցել է գյուղապետների վրա` նրանց հրահանգելով հանձնաժողովներ ստեղծել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























