Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 02:00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 ԼՏ 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին, եւ մի քանի պտույտ գլորվելով, մոտ 30 մետր առաջ է գնացել:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ 25 ամյա Աղասի Սարգսյանը, եւ 24 ամյա Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ 24 ամյա Յուրիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Վթարի հետեւանքով երկու մարդ դուրս էին շպրտվել ավտոմեքենայից, ինչպես նաեւ կոտրվել էին անվահեծերն ու ավտոմեքենայից պոկվել եւ շպրտվել էր գազի բալոնը:

Դեպքի վայրում աշխատել են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Տեղում են եղել  նաեւ, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը եւ ՀՀ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներն ու  Սպիտակի թիվ 42 հրշեջ ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: