NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական «Atlantico» կայքում հրապարակված հայտնի քաղաքագետ Ալեքսանդրա դել Վալլի հոդվածը՝ նշանակալի կրճատումներով:

Չլսված գործընթացներ Թուրքիայում. թուրքական կառավարությունը ոչ միայն բանակցություններ է վարում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ իր ներքին վատագույն թշնամու հետ, այլեւ առաջին անգամ հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքվել են՝ ի հիշատակ 1915 թվականի քրիստոնյա հայերի եւ խալդի ասորիների ցեղասպանության զոհերի, որն ապրիլի 24-ին հիշատակվում է ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, որ հայերի եւ ասորիների խոսքով, այդ ցեղասպանության ժամանակ 1.5-ից 2 մլն մարդ է զոհվել: Բայց Անկարան միշտ հերքել է այն՝ նույնիսկ հայերին մեղադրելով այն բանում, որ հենց իրենք են «մի քանի հազար մահմեդական թուրքերի ցեղասպանություն իրագործել», ինչն արդարացնում է «հայերի դեմ քրդերի եւ թուրքերի վրիժառությունը»:

Պատրաստվո՞ւմ են, արդյոք, թուրքական իշխանությունները հրաժարվել իրենց բարձրաշխարհիկ հայատյացությունից եւ հրեշավոր օրենսդրությունից 2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ինչը կարող է վնաս հասցնել 2004 թվականից Եվրամիությանն անդամակցության թեկնածու Թուրքիայի վարկանիշին, որը հպարտանում է, թե «մահմեդական ժողովրդավարության» օրինակ է: Առավել անորոշ ոչինչ չկա: Քանզի, եթե ԵՄ-ի կողմից խրախուսվող համարձակ ձայները տարիների ընթացքում օգտվում են քաղաքացիական հասարակության ժողովրդավարացումից, թուրքական քաղաքական կուսակցություններն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգայնական-իսլամական կառավարությունը մինչեւ հիմա հրաժարվում են պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը: Եվ, որ ավելի վատ է, թուրքական իշխանությունները մեծացնում են ճնշումները, որպեսզի վախեցնեն այն երկրներին, որոնք ցեղասպանությունը ճանաչող կամ նույնիսկ դրա հերքումը քրեականացնող օրենքներ են ընդունում, ինչպես, օրինակ, ֆրանսիական օրինագիծը, որը պաշտոնական Փարիզի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական լուրջ ճգնաժամ առաջացրեց:Բայց ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան խնդրահարույց ժամանակակից Թուրքիայում, այն ժամանակից, երբ 1923 թվականին այն ստեղծվեց Աթաթուրքի կողմից Օսմանյան կայսրության փլատակների վրա, որը նրա հետ իրավական կապեր չունի: Պարզ է, որ ի հավելումն ազգայնականության ազդակի, որը թուրքական առաջնորդներին 1923 թվականից ստիպում է մոռացության մատնել իրենց բազմաթիվ էթնո-կրոնական արմատները (հայկական, բալկանյան, քրդական, ասորական, հունական եւ այլն), մասնավորապես՝ մերժելով փոքրամասնություններին, ժամանակակից Թուրքիան մշտապես մտավախություն է ունեցել, որ ցեղասպանության ընդունումն իրեն պարտավորեցնելու է ֆինանսական փոխհատուցում տրամադրել հայերին, ինչպես հետնացիստական Գերմանիան փոխհատուցում վճարեց Իսրայելին:Չկա ավելի ողբերգական բան իսլամական երկրների համար՝ ընդհանրապես, եւ թուրքական իսլամիստ-ազգայնականների համար՝ հատկապես, քան կուրծք ծեծել նախկին հանցագործությունների համար:

Այսպես, Անկարայի կառավարությունը մեղավոր չի զգում, այսպես կոչված, «սիրիական ազատ բանակի» զինյալ իսլամականներին աջակցելու համար, որոնք առեւանգում կամ սպանում են քրիստոնյաներին, հաճախ նաեւ՝ հայերին: Լինելով տնտեսապես ակտիվ, նրանք վաղուց պաշտպանված եւ երջանիկ են եղել Սիրիայում, որտեղ ապաստանել են Թուրքիայում Հայերի եւ ասորիների ցեղասպանությունից հետո, բայց այսօր նրանց գոյությանը վտանգ է սպառնում իսլամական ապստամբների կողմից, որոնք նրանց մեղադրում են «հեղափոխությանը» դիմակայելու եւ «Ասադին աջակցելու» համար: Սիրիայի փոքրաթիվ հայ համայնքն արդեն սգում է հարյուրավոր գերիների, սպանվածների, անհայտ կորածների համար:

Օրինակ, 2012 թվականի օգոստոսին Թուրքիայից եկած եւ Անկարայի կողմից աջակցություն ստացող, այսպես կոչված, «սիրիական ազատ բանակի» զինյալները հարձակվեցին հայկական Քեսաբ գյուղի վրա: Թուրք-սիրիական սահմանին տեղակայված այս մեծ գյուղում նաեւ թուրքերի հետ սերտ կապված թուրքմեններ են ապրում, եւ Անկարայի կողմից զինված թուրքմեն բնակչությունը գլուխ է գովում, թե պատրաստվում է հայերի «ցեղասպանություն» իրականացնել, եթե նրանք շարունակեն դիմակայել «սիրիական ազատ բանակին»: Իսկ արեւմտյան մամուլը, որը սովորաբար այնքան մտահոգվում է «փոքրամասնությունների» պաշտպանությամբ, չի լուսաբանում այդ: Բայց ո՞վ է հոգում հենց Թուրքիայի քրիստոնյաների մասին: