Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ ապրիլի 30-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը եւ Ավստրալիայի դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել են նաեւ Ավստրալիայի հայ համայնքի դերը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր եւ գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցության համար: Նախագահը բարձր է գնահատել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրալիական փոխգործակցությունը:

Դեսպան Փոլ Մայլերը վստահեցրել է Սերժ Սարգսյանին, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը: