Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 24-ին ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, թե փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման եւ գնահաշվարկի ոլորտներում միջազգային փորձը ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմին հասանելի դարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին` նախարարը նշել է, որ հաստատվել է այս գործընթացի ռազմական բաղադրիչին առնչվող աշխատանքները կանոնակարգելու մասին հրահանգը, ինչը կնպաստի պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ եւ 4-րդ փուլերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին փորձագետները ներկայացրել են Հայաստանում անցկացված քննարկումների ու հանդիպումների արդյունքները, վերանայման գործընթացի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու գնահատականները:




























