Թուրքիայի Քըրըքարելի նահանգում ապրիլի 23-ին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության անդամները ծաղկեպսակ են դրել Աթաթուրքի հուշարձանին եւ տուգանվել 182 լիրայով (100 դոլար)։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի Քըրըքարելի նահանգի Բաբաեսկիի շրջանի եւ Քոֆչազի շրջանների կառույցների ղեկավարները Թուրքիայի ինքնիշխանության եւ երեխաների օրվա առթիվ միջոցառում են կազմակերպել եւ ծաղկեպսակներ դրել Աթաթուրքի հուշարձանին։
Հուշարձանին ծաղկեպսակ դնելու գործընթացը նկարահանվել է ոստիկանների կողմից, որից հետո շրջանների քայմաքամները (կառավարիչ-խմբ) ծաղկեպսակ դնելու համար 182-ական լիրա տուգանել են CHP-ի երկու շրջանների ղեկավարներին։
Տուգանված կուսակցականները պնդել են, թե տուգանքը սիրով կվճարեն եւ դեռ կրկին գումար են հավաքել, որպեսզի մայիսի 19-ին՝ Թուրքիայում սպորտի եւ երիտասարդության տոնի կապակցությամբ Աթաթուրքի հուշարձանին ծաղիկ դնելու համար եկած տուգանքն էլ վճարեն
Նշենք, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մի շարք փոփոխություններ է արել պետական տոների մասին օրենքում, ըստ որի, նախանշված մի քանի տոներից բացի այլ տոներին արգելվում է միջոցառումներ կազմակերպել եւ ծաղկեպսակ դնել։




























