Աֆղանստանում երեք բրիտանացի զինվոր է զոհվել: Նրանց Mastiff նորագույն զրահամեքենան պայթել է ականի վրա, մայիսի 1-ին հաղորդել է Միացյալ թագավորության Պաշտպանության նախարարությունը:

«Հիլմենդ նահանգի Նահրի Սարաջ վայրում անցյալ երեքշաբթի օրը պարեկության ժամանակ զոհվել է Շոտլանդիայի թագավորական գնդի երկրորդ գումարտակի երեք զինծառայող»,- ասվել է` տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լոնդոնում հիմնականում անհանգստություն է առաջացրել այն փաստը, որ հակառակորդին հաջողվել է պայթեցնել Mastiff զրահամեքենան, որը նորացված նորագույն զրահապաշտպանական գործառույթներով է հագեցած:

2001 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում սկսված գործողությունների ընթացքում  Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կորուստները հասել է 444-ի: Բրիտանիան պատրաստվում է 2014 թվականին Աֆղանստանից դուրս հանել իր ռազմական ողջ ուժերը: