Ամերիկյան դաշնային գործակալները ստուգելով Բոսթոնի ահաբեկչության հեղինակ Թամերլան Ցարնաեւի կապը Դաղստանում գործող ընդհատակյա խմբավորումների հետ, պարզել են, որ Ցարնաեւ եղբայրներից ավագը՝ Թամերլանը, ծանոթ է եղել կանադացի իսլամիստ Ուիլյամ Պլոտնիկովի հետ, ում 2012-ին սպանել են Ռուսաստանի ուժայինները: Այս մասին հաղորդել է հետաքննության մոտ կանգնած CNN-ի աղբյուրը:

Ուիլյամ Պլոտնիկովը ծնվել է Ռուսաստանում, նրա ընտանիքը Կանադա է տեղափոխվել, երբ նա դեռ դեռահաս էր: 23-ամյա Պլոտնիկովը եւ եւս 6 գրոհայիններ սպանվել էին 2012-ի հուլիսին՝ Դաղստանում, իսկ այդ ժամանակ Թամերլան Ցարնաեւը գտնվել է Դաղստանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պլոտնիկովի թաղումից երկու օր անց Ցարնաեւը մեկնել է Նյու Յորք: Քննիչները կասկածում են, որ հենց գրոհայինի մահն է ստիպել Ցարնաեւին լքել Ռուսաստանը:

Ավելի վաղ Դաղստան էր ժամանել ԱՄՆ ներկայացուցիչների խումբը, որը զորւցել է Ցարնաեւ եղբայրների ծնողների հետ եւ փորձել պարզել, թե ինչով է զբաղվել Թամերլանը Դաղստանում: