Քալիֆորնիայի բնակչուհուն սպանության փորձի մեղադրանք է առաջադրվելու, քանի որ նա «Starbucks» սրճարանում փորձել է սառնարանում նարնջի հյութ դնել, որի մեջ իզոպրոպիլային սպիրտի մահացու քանակություն էր լցրել: Այդ մասին հայտնում է The USA Today-ը` վկայակոչելով Associated Press-ը:
Քալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան ձերբակալել է 50-ամյա Ռամինե Բեհբեհանյանին: Հաճախորդներից մեկը հայտնել է, թե տեսել է, որ կինն իր պայուսակից հանել է նարնջի հյութով երկու շիշ եւ տեղադրել Սան-Խոսեի «Starbucks» խանութի բաց սառնարանում: Երբ հաճախորդն այդ մասին պատմել է խանութի մենեջերին, Բեհբեհանյանը փախուստի է դիմել: Խանութի աշխատողը գնացել է նրա հետեւից եւ գրել մեքենայի համարանիշը, մինչ մյուսները 911 են զանգահարել` նկատելով, որ շշերից թունավոր նյութի հոտ է գալիս:
Հրշեջները տեղում ստուգել են պարունակությունն ու պարզել, որ շշերի մեջ թունավոր նյութի մահացու քանակություն կա: Բարեբախտաբար ոչ ոք չէր խմել շշերից:
Ոստիկանները հետապնդել են Բեհբեհանյանին եւ ձերբակալել Սան-Խոսեի տան մոտ` խանութից հինգ մղոն հեռավորության վրա: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, առաջին լսումները կայանալու են հինգշաբթի օրը:
«Starbucks»-ի ներկայացուցիչ Զաք Հաթսոնի խոսքով՝ Սան-Խոսեի խանութը միջադեպի հետեւանքով փակվել է, սակայն բացվել հաջորդ առավոտյան: «Մենք չափազանց շնորհակալ ենք զգոն հաճախորդին, ով ճիշտ է վարվել` անհապաղ հայտնելով կատարվածի մասին»,- ասել է Հաթսոնը: Նախազգուշության համար «Starbucks»-ի սառնարանի բոլոր հյութերը հանվել եւ ոչնչացվել են, ստուգումներ են եղել նաեւ մյուս խանութներում:


























